Երեկ կառավարության նիստում պարզվել է, որ պաշտոնյաներին խիստ անհանգստացնում է, երբ քաղաքացիներն իրենց պիտակավորում են ու հայհոյում: Այդ երևույթից դժգոհող «առաջամարտիկի» դերում հանդես է եկել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` նեղսրտելով, որ կառավարության նիստի օրերին իրեն մի քաղաքացի հայհոյում է: Իրավապահ ուժերի և արդարադատության համակարգի ղեկավարներին վարչապետն առաջարկել է լուծում տալ այդ խնդրին, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները «պաշտպանված» լինեն: Ասել է` հայրենի կառավարությունը փորձ է անում միջոցներ ձեռնարկել, որ սեփական ժողովրդի «կշտամբանքի» ձայնն էլ «բարուրում» խեղդվի:
Նախ Ռադիկ Մարտիրոսյանը կառավարության անդամների մոտ մինչ «աղեկտուր» բողոքելը, թե իրեն քաղաքացին վիրավորում է, միգուցե մտածեր, որ Հայաստանի գիտության վիճակը մյուսներին էլ արդարացիորեն թույլ է տալիս ոչ կառավարության դիմաց, բայց նրա հասցեին հաճախ մի երկու «քաղցր» խոսք ասել: Հանուն արդարության պիտի նկատել, որ այս հարցում ԳԱԱ-ի ղեկավարը «բախտակիցներ» շատ ունի. կառավարության անդամների գերակշիռ հատվածի հանդեպ, մեղմ ասած, հասարակական տրամադրվածությունը բավականին խիստ է:
Սակայն զավեշտն այն չէ, որ բոլոր գործերը թողած, հիմա էլ պաշտոնյաները մտմտում են, թե ոնց իրենց ականջից հեռու պահեն հանրային բողոքը` իր բոլոր դրսևորումներով, այլ այն, որ սելի տեղը սելվորն է ճռռում:
Նախ շատ պաշտոնյաներ, ովքեր իրենց ամենօրյա գործողություններով արհամարհում են ՀՀ քաղաքացուն, կարծես կառավարության ոչ մի նիստում քննարկման առարկա չեն դառնում: Մյուս կողմից էլ` ինչու նույն անհանգստությունը չի ցուցաբերվում, երբ պաշտոնյան է վիրավորում ու հայհոյում քաղաքացուն: Որպես օրինակ, նույն կառավարության շենքի դիմաց իր խնդիրներից բողոքող քաղաքացուն ազգային անվտանգության ղեկավար Գորիկ Հակոբյանն անվանեց` «էշ, ոչխար»: ՈՒրեմն ինչո՞ւ մի վարչական տուգանք էլ նրա նկատմամբ չկիրառվեց կամ այդ հարցը կառավարության նիստում ինչո՞ւ չբարձրացվեց: Այստեղ են ասել. «Տերովին տերն է տարել, անտերին գելը»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ